Բաժիններ՝

Արցախի գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նախ եղել է «Ռեյփսիդ» ՍՊ ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և չռաֆինացված ձեթերի տեսականուն, հետաքրքրվել մթերվող յուղատու մշակաբույսերի ծավալով:

Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել գործարանի դերը Արցախում վերամշակող արդյունաբերության զարգացման և հատկապես տեղական հումքի իրացման գործում: Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել նման ձեռնարկությունների գործունեությանը, որը ռազմավարական նշանակություն ունեն հասարակության կողմից սպառվող սննդի անվտանգության ապահովման հարցում:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանն այցելել է «Ռաֆո» ՍՊ ընկերության կողմից Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհարթակ և ծանոթացել շինարարության ընթացքին: Նախագծով նախատեսված է նկուղային հարկերով կառուցել քառահարկ 2 շենք՝ 3 և 4 սենյականոց 32 բնակարանով: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի

Պետնախարարն ընդգծել է գյուղական համայնքներում նոր բնակարանների կառուցման առաջնահերթությունը՝ նշելով, որ գալիք տարում այդ նպատակով կառավարությունը նոր ծրագիր կսկսի:

«Գյուղաբնակ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր գյուղում հիմքից նորտուն կառուցեն, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով ընդամենը մեկ տոկոստոկոսադրույքով հնարավորություն կունենան փոխառություն ստանալու:

Դա չի նշանակում, որ դադարեցվելու է այդ նպատակով հանրապետության գյուղական բնակավայրերումմշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակովմինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում անհատույց տրամադրվող պետականֆինանսական աջակցությունը: Երկու ծրագրերը կգործեն զուգահեռ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: Այցի ընթացքում պետական նախարարը եղել է Կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում, որտեղ ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, զրուցել ուսուցչական կոլեկտիվի անդամների և աշակերտների հետ, խոստացել, որ դպրոցի համար կառուցվող սպորտդահլիճի կիսատ մնացած շինաշխատանքները շուտով նորից կվերսկսվեն: Նա ծանոթացել է նաև համայնքի՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեցող նախկին մանկապարտեզի և գործող բուժամբուլատորիայի շենքային պայմաններին:

Այնուհետև ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համայնքային նշանակության խնդիրներ, ինչպես նաև պետնախարարին զեկուցվել է ենթաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին: Խոսելով պետական աջակցության ծրագրերից՝ Գ. Մարտիրոսյանը հորդորել է համայնքի ղեկավարներին դրանց մասին հնարավորինս իրազեկել բնակիչներին:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքացիները ժամանակին տեղյակ լինեն պետական աջակցության ծրագրերից: Խորհրդակցությանն ըստ ոլորտների, գործող ծրագրերի մասին ելույթներով հանդես են եկել Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ղեկավար Տիգրան Ծատրյանը:

Անդրադառնալով խնդիրներին՝ պետնախարարը նշել է, որ, հաշվի առնելով բոլոր համայնքների համար դրանց ընդհանրությունը, գալիք տարիներին պետական և բարեգործական միջոցների ներգրավմամբ կառավարությունը ինտենսիվ կերպով շարունակելու է գյուղական համայնքներում փողոցների սալապատման, խմելու ջրով ապահովման և մի շարք այլ ծրագրեր: Հանդիպման ընթացքում պետական նախարարը լսել է նաև համայնքների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները և պատասխանել նրանց հարցերին: Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանին ուղեկցում էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս