«Կարծում եմ՝ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու». Սամվել Նիկոյան
ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցությանը, նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտարարել էր, որ օգնելու է նոր կառավարությանը, միևնույն ժամանակ՝ ուշադիր է լինելու արտաքին քաղաքական, երկրի համար արժեհամակարգային հարցերին և հայտնելու է իր կարծիքը։
«Այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա, մեզ մոտ կա այդ մտահոգությունը, և վերջին 6-7 ամիսները ցույց տվեցին, որ մտահոգությունն ունի հիմքեր։ Կարծում եմ՝ մենք ասելիք ունենք, մեր գիտելիքն ու փորձն անհրաժեշտ է մեր պետությանը, ինչո՞ւ չէ, նաև՝ իշխանություններին։ Ըստ իս, մենք կարող ենք լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև ունենք փորձառություն, ներուժ»,- ասաց Ս. Նիկոյանը։
Ըստ նրա՝ այսօր քաղաքական դաշտում բոլորը հարվածում են Հանրապետական կուսակցությանը՝ երբեմն իրենց հայտարարելով ընդդիմությունը, ինչը, Սամվել Նիկոյանի կարծիքով՝ ճիշտ չէ, քանի որ ընդդիմությանն ընդդիմություն չի լինում։
«Մեզ հարվածողների մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը՝ վախենում, և վախենալով հանդերձ՝ քծնում։ Ամեն դեպքում երկու պարագայում էլ դա ակնհայտ երևում է՝ կա վախ և քծնանք։ Այսօրվա գործող իշխանություններին միակ գործող ու իրական ընդդիմությունը Հանրապետական կուսակցությունն է։ Մենք լավ գիտենք, շփվում ենք հանրության հետ և հասկանում, որ կան մտահոգ մարդիկ, որոնք մտածում են մեր պետության ապագայի մասին, ՀՀԿ-ի հենարանն ընտրական այս գործընթացում այդ մտահոգ մարդիկ են, որոնք չեն եղել էյֆորիայի մեջ կամ դրանից դուրս են եկել։ Մեր ընտրազանգվածը ժողովրդի ինտելեկտուալ, ինքնուրույն մտածող և մտահոգ քաղաքացիներն են»,- շեշտեց Ս. Նիկոյանը։
Նա նաև նկատեց, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն խորհրդարանում հավակնում է լինել երկրորդը։
Սամվել Նիկոյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ազգային պահպանողական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ է, որի համար Առաքելական եկեղեցին, ընտանիքը, բանակն ունեն առանցքային նշանակություն։
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ իր անունը չկա ՀՀԿ ընտրացուցակում, Սամվել Նիկոյանը նշեց, որ դեռևս երկու ամիս առաջ է հայտարարել, որ, եթե լինեն մարդիկ, որոնց խորհրդանարում աշխատելու գործիքակազմն ավելի արդյունավետ կլինի, քան իրենը, ապա սիրով իր տեղը կզիջի նրանց։
«Այսօր ամբողջովին այլ գործիքակազմով են աշխատում, որն ինձ համար անընկալելի է, քանի որ եկել է մի սերունդ, և յուրաքանչյուր հեղափոխական սերունդ այդպիսին է, որը կարծում է, թե մոլորակը ծնվել է այն օրը, երբ իրենք ծնվել են։ Հեղափոխությունից հետո իշխանության եկած յուրաքանչյուր անձ մտածում է, որ մոլորակը պտտվում է իրենց անձերի շուրջ, և ոչնչացնում են այն ամենը, ինչ եղել է իրենցից առաջ։ Նրանցից առաջ եղել է Արցախի հաղթանակ, նրանք դա ոչնչացնում են։ Այսօր փառաբանվում են կրոնական և սեռական փոքրամասնությունները։
Ես չեմ կարող լինել մի տեղ, որտեղ կա՛մ դրա կրողն են, կա՛մ պաշտպանը։ Այս պարագայում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ և համապատասխան վարքագիծ կարող են դրսևորել։ Կարծում եմ՝ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, ուստի ես կպատրաստվեմ հաջորդ ընտրություններին։
Քաղաքականության մեջ արդեն կա նախադեպը, երբ կարելի է ուժով հեղաշրջում իրականացնել, իսկ ո՞վ ասաց, որ այդ նախադեպից ապագայում չեն օգտվի անհատներ և քաղաքական ուժեր»,- ընդգծեց Սամվել Նիկոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան