ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը
Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Պաշտոնական Անկարան արդեն երկար ժամանակ է պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին:
Ամերիկյան կողմն նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով:
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ, ինչպես նաև 100-ից ավելի խռովարարներ, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալի քննադատներից մեկը: