Վաչագան Ղազարյանը կկալանավորվի. վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը
Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Վաչագան Ղազարյանը կրկին կկալանավորվի:
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց:
Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է: