Բաժիններ՝

Հայկ Մարությանը հետաձգեց Բաղրամյան փակուղին Ռաֆայել Լեմկինի անունով կոչելու նախագծի քննարկումը

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում առաջարկ եղավ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կամ Վարդանանց փողոցի փակուղին անվանափոխել լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի անունով։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանի խոսքով՝ որոշման միջնորդությամբ Երևանի քաղաքապետին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ խնդրելով, որպեսզի Երևանում լինի Ռ. Լեմկինի անվան փողոց։

Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ գլխադասային հանձնաժողով, որտեղից հնչել է դրական պատասխան։

Այս անվանափոխության հետ կապված,  ավագանու որոշ անդամներ հետաքրքրվեցին՝ արդյո՞ք բնակիչների շրջանում իրականացրել են հարցում՝ հասկանալու համար, թե նրանք այդ անվանափոխությանը կո՞ղմ են, թե՞ դեմ։

Արմինե Վարդանյանը նշեց, որ նման պրակտիկա քաղաքապետարանում երբևէ չի եղել, որին ի պատասխան՝ ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին հիշեցրեց, որ նախկինում փողոցներն անվանափոխելու հետ կապված նախագիծ էին ներկայացրել, սակայն քաղաքապետարանում ասել էին, որ փողոցն անվանափոխելու համար պետք է նաև բնակչության կարծիքը հաշվի առնել։

Ավագանու անդամները հիշեցրեցին նաև Լենինգրադյան փողոցը Լ. Ազգալդյանի անունով անվանափոխելու նախագիծը, որը մերժվել էր։

Որոշ քննարկումներից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ավագանու նիստի օրակարգից հանում է Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու հարցը, որը կքննարկվի ավելի ուշ՝ հրավիրած ավագանու նիստի ընթացքում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս