Թուրքիայում կինը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։
Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում։
Ինքնությունը չպարզված մի կին կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել է կացինն իր հագուստի տակ ու դիմել փախուստի։
Ականատեսներից մեկը իր հեռախոսով նկարել է տեղի ունեցածը և այդ մասին հայտնել ոստիկանությանը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են, որ Աթաթուրքի արձանի ոտքը վնասվել է։ Կինն արձանի վրա նաև ինչ-որ գրություն էր թողել, որի բովանդակությունը, սակայն, չեն կարողացել վերծանել։
Կացնով «Աթաթուրքի ոտքին» հարվածող կինը գտնվում է հետախուզման մեջ։