Բաժիններ՝

Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամին աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքագրվել է 2.250.000 ռուբլի

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մոսկովյան այցի առաջին օրն ավարտվել է աշխատանքային ընթրիքով։ Հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։

Աննա Հակոբյանը հյուրերին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել գալա-համերգի գաղափարի ու կազմակերպման, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամին վստահելու և աջակցելու համար։

Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական այլ համայնքներում անհրաժեշտ է արմատախիլ անել նախկինից ժառանգած սովորույթները, երբ պատնեշները մրցակից շերտերի են բաժանել համայնքը։ Նա խիստ կարևորել է հայկական համայնքների համախմբվածությունը Հայաստանի հաջողության հարցում։ «Մենք պետք է վերացնենք գոյություն ունեցող բոլոր պատնեշները. մենք բաց ենք՝ համագործակցելու բոլորի հետ՝ առանց բացառության»,- ասել է Աննա Հակոբյանը։

Նոյեմբերի 11-ին կազմակերպված գալա-համերգի մասնակիցներն ընդգծել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի մոսկովյան շնորհանդեսն այդ իմաստով նախկին կարծրատիպերը կոտրող միջոցառում էր, որին մասնակցում էին ոչ միայն հայտնի անհատներ, այլև՝ Հայաստանը սիրող, կարոտող եւ Հայաստանի համար մտահոգ սովորական քաղաքացիներ, որոնք իրենց «փոքրիկ լուման են ներդրել հիմնադրամի գործունեության համար»: Նրանք շեշտել են, որ միջոցառման գլխավոր խթանը ոչ թե գումար հանգանակելն էր, այլ Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավությունը։

***

Նոյեմբերի 11-ին, Մոսկվայի հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքագրվել է 2.250.000 ռուսական ռուբլի։ Ամբողջ գումարը, ինչպես և նախատեսված էր ի սկզբանե, կազմակերպիչները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին։

Արփինե Զարգարյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս