««Ազգային շարժումը» չի կարողանա և չի վերադառնա իշխանության». Վաշաձե
Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության: Այդ մասին Վաշաձեն խոսել է Facebook-ի ուղիղ եթերում, տեղեկացնում «Գրուզիա Online»-ը:
Նա նշել է, որ ներկայում կուսակցությունն ընդդիմադիր միավորման իրավահավասար անդամներից մեկն է, իսկ բազմակուսակցական կոալիցիան բացառում է դրանցից որեւէ մեկի միանձնյա կառավարումը: «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության: Նախ՝ որովհետեւ այն մյուս տասը կուսակցությունների հետ միասին միավորված ընդդիմության իրավահավասար անդամն է: Երկրորդ՝ որովհետեւ սկսվել է քաղաքական լայն ճակատի ստեղծումը, որին արդեն միացել է Հանրապետական կուսակցությունը, եւ այդ գործընթացը կշարունակվի: Բոլոր այս քաղաքական կուսակցություններն այն բանի երաշխիքն են, որ երկրում ո՛չ «Ազգային շարժման», ոչ էլ «Վրացական երազանքի» միանձնյա կառավարում չի լինելու:
Վաշաձեն նաեւ բացառել է, որ եթե ընտրություններում հաղթի միավորված ընդդիմությունը, իշխանության կվերադառնան հին դեմքերը, եւ նշել է, որ հասարակությունը «երիտասարդ, որակյալ կադրեր» է ցանկանում: