Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արտաքին քաղաքական մարտահրավերը

Դեկտեմբերի 9-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պատկերն արդեն ուրվագծվում է:

Առաջիկա ընտրությունները հետաքրքրական են լինելու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցած բուռն ներքաղաքական զարգացումներից հետո առաջին համապետական ընտրություններն են լինելու, որոնց մասնակցում են մեծ թվով նոր անուններ և հանրությանը քիչ կամ շատ հայտնի գործիչներ, այլև այն, որ դրանց մասնակցում է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի մասնակցության ձևաչափը դեռ քննարկումների փուլում է:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ 2016թ. հունիսին Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը գրաված, իսկ ներկայումս՝ կուսակցությամբ հանդես եկող «Սասնա ծռերը» քաղաքական դաշտում իրեն դիրքավորում է՝ որպես խիստ հակառուսական ուժ՝ խոսելով անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման և հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասին: Առաջիկա ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու են նաև «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք նշում են, որ հակառուսական ուժ չեն, սակայն արևմտամետ հայացքներ ունեն և կարծում են, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին չի բխում ՀՀ շահերից:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս նշել էր, որ հայ հասարակությունը պետք է որոշի` ցանկանո՞ւմ է արդյոք այդ ուժին տեսնել խորհրդարանում կամ քաղաքական դաշտում: Դեսպանը, որպես օրինակ՝ մատնանշել էր Իսրայելին ու Իսլանդիային, որտեղ պետականություն ստեղծողները բռնի ուժով քաղաքական պայքար են վարել:

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ հետաքրքիր է լինելու հետևել առաջիկա ընտրություններին և հատկապես արդյունքներին, քանի որ մասնակցող ուժերի ներկապնակը բավականին «գունեղ» է լինելու, քանի որ երկրում ստեղծված նոր իրավիճակում իրենց քաղաքական ներուժն են փորձելու շատերը, նաև նրանք, որոնք չպետք է լինեն քաղաքական դաշտում: Նրա որակմամբ՝ սա է հայաստանյան առաջիկա ընտրությունների ամենաուշագրավ հանգամանքը:

«Հայաստանյան քաղաքական դաշտը նախկին իշխանությունների օրոք արտաքին քաղաքական ուղենիշերի վերաբերյալ կոնսենսուս է ունեցել, այսինքն` քիչ են եղել ուժերը, որոնք դեմ են դուրս եկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը՝ հասկանալով, որ կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս լիովին ինքնուրույն քաղաքականություն վարել: Նախկինները և՛ միանում էին ռուսական պրոյեկտներին, և՛ փորձում որոշակի հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ:

Ներկայումս ակնհայտ է, որ Արևմուտքում ՀՀ նոր իշխանություններից ավելի մեծ սպասումներ կան, սակայն իշխանական ուժը կարծես փորձում է շրջանցել կամ չկարևորել արտաքին քաղաքականությունը, ուստի հասկանալի չէ, թե այս իշխանության պահպանման դեպքում ինչպիսին են լինելու Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ:

Վերջին ամիսները լիովին չեն բացահայտել քաղաքականությունն արտաքին ոլորտում: Պետք է նշել, որ նոր իշխանությունները հանդես են եկել ինքնուրույնության, սեփական շահերն արտաքին աշխարհի մոտ պահպանելու կարևորությամբ և որոշ դրվագներում պահել են իրենց ուղենիշը: Իսկ թե ինչպես կլինի ապագայում՝ չեմ կարողանա նշել: Սակայն, կարծում եմ, որ անկախ նրանից, թե որ ուժերը կլինեն խորհրդարանում՝ որոշիչ է լինելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունը:

Իսկ նրանք հայտարարել էին, որ իրենք կարող են առանց փոխելու արտաքին քաղաքական ուղղությունները՝ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, որից նոր իշխանությունները հրաժարվեցին, նշեցին, որ մեկ այլ բան է՝ լինել քաղաքական ընդդիմություն, մեկ այլ` իշխանություն, ինչը նշանակում է, որ կան իրողություններ, իսկ դրանք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու անվտանգության հարցերին:

Սակայն առաջիկա քվեարկությունը գործընկեր երկրների համար հետաքրքիր արդյունք կլինի հանրային տրամադրությունների տեսանկյունից, քանի որ քաղաքական դաշտը և ներքին ու արտաքին առաջնահերթությունները ձևավորում է հասարակությունը: Ուստի կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Սակայն, նրա համոզմամբ, հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: «Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ նպատակներով կամ Ռուսաստանից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով, սակայն այս կարծիքներն է՛լ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքներից հետո»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ քաղաքական դաշտի արմատականացումը դրական հանգամանք չէ: Նա նշեց, որ դեռևս կարելի է հիշել այն օրերը, երբ ՊՊԾ գունդը գրավված էր, որն աննախադեպ գործողություն էր: Սակայն ընտրություններին նրանց մասնակցությանը գնահատական տվողը, նրա խոսքով, հայ հասարակությունն է:

«Բոլորի համար պարզ է, որ առաջատարը լինելու է ներկայումս իշխող կուսակցությունը, և ևս մի քանի ուժեր ստանալու են շատ ցածր տոկոսներ՝ դրանով իսկ ողջ պատասխանատվությունը լինելու է իշխող ուժի վրա: Չեմ կարծում, որ «Սասնա ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են:

Հայ-ռուսական հարաբերությունները պատմական-քաղաքական լուրջ անցյալ ունեն, Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հարկավոր են, սակայն այդ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ, դժգոհություններ, որոնք հաղթահարելու համար պետք է աշխատել: Խորհրդարանում կարող են լինել և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ ուժեր, սակայն գլխավոր թելադրողը լինելու է ներկայիս վարչապետը, որը, չեմ կարծում, որ փոխելու է որևէ բան Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում: Սակայն նման ուժի մասնակցությունն առաջիկա ընտրություններին խնդիր է, մարտահրավեր է` ինչու է նման պահանջներով ուժ հայտնվել, որտեղից են հայտնվել այդ պահանջները, այդ ուժին ինչպիսի աջակցություն ցույց կտա հասարակությունը:

Ինչպես տեսնում եք, Մոսկվայում անհանգստություն չկա առաջիկա զարգացումների վերաբերյալ և այդ հակառուսական ուժերի վերաբերյալ, մենք հետևում ենք իրավիճակին, զբաղվում ենք Ղարաբաղյան հակամարտությամբ, իսկ ներքին զարգացումները վերաբերում են ներքին կյանքին: Ի վերջո, նման արմատական պահանջներ ունեցող ուժի հայտնվելը խորհրդարանում խնդիր է դառնալու իշխանության համար, որը պետք է փորձի հավասարակշռել այդ պահանջները»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:

Տեսանյութեր

Լրահոս