««Սասնա ծռերի» կողմից կատարվող քայլերը հակապետական, ցուցադրական են, ավելի շատ ցինիզմ է, քան իրական արդյունք». Վոլոդյա Հովհաննիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով  նոյեմբերի 16-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։

Քաղաքագետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադառնալով «Սասնա ծռերի» արցախյան նախաձեռնությանը՝ նշեց, որ վերահաստատում է նախկինում հայտնած իր այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» «երդմնազանց մարդասպաններ են», քանի որ հանուն հայրենիքի համար կռվածն իրավունք չունի հայի վրա զենք բարձրացնելու։

«Եկեք «Սասնա ծռերի» կենսագրությունը բաժանենք հերոսականի և խայտառակության: Օրինակ, Ժիրայր Սէֆիլյանը հայրենիք է պաշտպանել, բայց եկեք չհերոսացնենք որևէ մեկին, ավելի հերոս կերպարներ կան։ Խոնարհվում եմ Պավլիկի, Սէֆիլյանի, Արայիկի, Արցախի ազատամարտի բոլոր հերոսների առաջ, բայց որևէ մեկն իրավունք չունի իմ և ձեր պետության դեմ զենք վերցնել։ Պետության, կառավարման համակարգի ամրությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն մասերից է։ Եթե թուլացվում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետականությունը, ապա հարվածի տակ ենք դնում ազգային անվտանգությունը»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, «Սասնա ծռերի» այն մտադրությունը, որ ցանկանում են Արցախում անցկացնել միջոցառում, հարվածում է Արցախի պետական ամրությանը, իշխանությունների հեղինակությանը և դրանով թուլացնում է Արցախի դիմադրողականությունը։

«Նրանց կողմից կատարվող քայլերը հակապետական, ցուցադրական են, ավելի շատ ցինիզմ է, քաղաքական ցինիզմ է, քան իրական արդյունք։ Ցանկանում են իրենց վեր դնել մեր ազգային շահերից։ Բացասական եմ վերաբերվում, և եթե հնարավորություն ունենայի, կպայքարեի նման քայլերի դեմ: Չի կարելի Արցախը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, առանց այդ էլ այսօր մենք պետական հզորության և ռեսուրսների լուրջ հարվածների տակ ենք։ Երբ «Սասնա ծռերն» իրենց անձնական ամբիցիաներից ելնելով՝ Արցախը ներքաշում են քաղաքական գործընթացների մեջ՝ համարում եմ ամենասխալը և ամենաապազգայինը»,- շեշտեց Վ. Հովհաննիսյանը։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ «Սասնա ծռերի որոշ անդամներ Արցախը չեն ճանաչում՝ որպես միավոր։

«Ցանկացած մուտք Արցախ պետք է տեղի ունենա Արցախի Հանրապետության իշխանությունների հետ բանակցելուց հետո։ Այսօրվա գործող իշխանությունների կողմից նրանք համաներման են արժանացել, այսինքն՝ ունեն իրավունք կազմավորելու ցանկացած կուսակցություն, և այս հարցի պատասխանը տրվում է հենց առաջին քայլերով»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ առայժմ առկախ է Ժիրայր Սէֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ունենալու խնդիրը, ուստի խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող որևէ մեկը, նույնիսկ՝ ամենահերոսը, իրավունք չունի կազմակերպել քաղաքական որևէ գործողություն կամ լինել ղեկավար մարմնի անդամ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս