Ինչպե՞ս են դիրքավորվել նոր կուսակցությունները
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:
Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյան 168.am-ին հայտնեց, որ իրենց կուսակցությունը դեռ չի գրանցվել, ժամանակ կա, գործընթացը չի ավարտվել, սպասում են լավ լուրի:
Հարցին, եթե չստացվի գրանցումը, ապա հնարավո՞ր է այլ կուսակցության ցուցակով հանդես գա, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Այս հարցին կպատասխանենք երկուշաբթի: Չէինք նախատեսել, որ ուրիշ կուսակցության հետ կարող ենք համագործակցել, դրա համար պետք է ամփոփենք իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս ենք գործում»: Ո՞ր կուսակցության հետ են համագործակցելու հարցին էլ այսպես պատասխանեց.
«Հայակենտրոն: Այսպես ենք դիրքավորվելու քաղաքական տիրույթում»:
Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության գրանցման հարցերն արդեն լուծվել են, նրանք մասնակցելու են ընտրություններին և որևէ մեկին միանալու հարց հատուկ չեն քննարկել:
Նույնն է նաև Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության դեպքում: Կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հաղորդմամբ՝ իրենք առանձին են մասնակցելու:
Անի Կարապետյան