Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։
Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայասատանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման առաջնային օղակը։
Տեղական ինքնակառավարումը, հանդիսանալով բնակչությանն ու նրա հոգսերին ամենամոտ կանգնած ինստիտուտը, իրական հնարավորություն է ստեղծում իշխանության և քաղաքացիների միջև հետադարձ կապի, ինչպես նաև հանրային իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացում բնակչության և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության համար՝ ապահովելով երկրի կայուն, հաջորդական, էվոլուցիոն զարգացումը։
Այս տոնական օրը ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել համայնքների բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կառուցների աշխատակիցներին և ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական ու հասարակական միավորումների ներկայացուցիչներին իրենց պատասխանատու, նվիրված և սրտացավ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ և պտղաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր համայնքների զարգացման ու շենացման»։