«Հայաստանը պետք է ակտիվորեն շարունակի իրականացնել տնտեսական այն բոլոր ծրագերը, որոնք ունի Իրանի հետ»

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին, նկատեց, որ այդ հարաբերություններում ամեն ինչ պարզ է։

«Պարզապես Հայաստանի ներսում տեղի ունեցած վերջին փոփոխություններն Իրանի իշխանությունների համար այնքան էլ հասկանալի չեն, և անհրաժեշտություն կա, որ իրանցիների մոտ հստակեցվի, որ այն, ինչ տեղի ունեցավ, որևէ կերպ ուղղված չէ Իրանի շահերի դեմ։ Այս մասին բազմիցս ասել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու հարց չկա։ Բացի մեր հնարավորություններն ավելի սերտացնելուց, այլ բան չենք կարող անել»,- նշեց Կ. Մանոյանը։

Նրա խոսքով՝ չնայած դեռ անհայտ է, թե ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ որքան կշարունակվեն, սակայն Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի ամենալավին։ Բացի այդ, Հայաստանը պետք է ակտիվորեն շարունակի իրականացնել տնտեսական այն բոլոր ծրագրերը, որոնք ունի Իրանի հետ։

«Տակավին մեզ մոտ որոշ հստակեցումների հարց կա ոչ այնքան՝ երկրի ներսում, որքան՝ դրսի գործընկերներին ասելու, թե Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ինչ շարունակություն կարող են ունենալ։ Անհրաժեշտ է հարևաններին և գործընկերներին տալ այն վստահությունը, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները չեն կարող անդրադառնալ նրանց հետ հարաբերությունների վատացման վրա և նման նպատակ չեն հետապնդում»,- շեշտեց Կիրո Մանոյանը։
Անդրադառնալով Հայաստանից Սիրիա զորամիավորում ուղարկելու մասին հարցին՝  Կիրո Մանոյանը նշեց, որ Սիրիա ուղարկվող զորամիավորման առաքելությունը մարդասիրական է լինելու։

«Եթե ուղարկեինք զորախումբ, իհարկե, սա լավ գաղափար չէ, բայց երբ այն գնում է մարդասիրական առաքելությամբ, այստեղ վատ բան չկա, և ընդհանուր առմամբ համապատասխանում է հայության շահերին։ Այստեղ մտահոգիչ որևէ բան չպետք է տեսնել, նույնիսկ ամերիկացիները հասկացան, որ, եթե միայն մարդասիրական է, ապա իրենց համար հանդուրժելի է։ Իսկ սրանից ավելին մենք չպետք է անենք, որովհետև Սիրիան արդեն դարձել է տարբեր ուժերի ոչ միայն՝ մրցավայրը, այլև՝ պատերազմի դաշտ, իսկ Հայաստանն այնտեղ գործ չունի»,- ասաց Կիրո Մանոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս