«Թվով 152 հէկ-երին տեղեկացրել ենք պահանջի խախտման մասին». Նախարարը անուններ չտվեց
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ բացահայտվել է, որ հէկ-երի մեծ մասը ջրաչափեր չեն ունեցել:
«Հէկ-երը պարտավորվածություն ունեն, և այդ պահանջը ջրաչափեր դնելու՝ նշված է եղել ջրօգտագործման թույլտվությունների մեջ, իսկ պահանջների խախտումը հիմք է ջրօգտագործման թույլտվությունների դադարեցման: Օրենսդրությամբ ժամանակ է տրվում՝ այդ պահանջը կատարելու համար: Մենք բոլոր՝ 152 հէկ-երին տեղեկացրել ենք պահանջի խախտման մասին և առաջարկել ենք խախտումը վերացնել»,- ասաց Է.Գրիգորյանը:
Ըստ նրա՝ բոլոր դեպքերում, ոչ միայն հէկ-երի գործով, երբ ոչ իրավաչափ միջոցառումներ և քրեական տարրեր են լինում, ամբողջ տեղեկատվությունն ուղարկվում է համապատասխան իրավապահ մարմիններին: Թե ովքե՞ր են խախտումներ թույլ տված հէկ-երի տերերը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հէկ-երի տերերը կարող են լինել հայտնի և ոչ անհայտ մարդիկ, բայց իրենց համար կարևոր են օրենսդրությունն ու դրա պահանջներ. «Ձեզ ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ անուն կամ ազգանուն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»: