Գանձակում պետական միջոցներով կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, ինչի արդյունքում 2019 թվականից գյուղի ոռոգելի հողերը կավելանան շուրջ 40 հեկտարով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, խորքային հորի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 43 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հոկտեմբերին եւ կավարտվեն նոյեմբերի վերջերին: «Շինարարներն արդեն ավարտել են հորատման աշխատանքները, տեղադրվում են սարքավորումները:
Հորատումը կատարվել է 183 մետր խորությամբ: Մղվող ջրի հզորությունը կազմելու է 40 լիտր վայրկյան: Ոռոգման ջուրը եկող տարվանից ոռոգելի կդարձնի Գանձակի «Աղվեսբներ» կոչվող թաղամասը, որը հիմնադրվել է 1990-ական թվականներին: Այս ծրագրից կօգտվի մոտ 80 տնտեսություն՝ որոշակիորեն ավելացնելով գյուղմթերքների արտադրությունը: Գանձակի համայնքապետարանը ծրագրի իրականացման համար պետք է կատարի համաֆինանսավորում, որի չափը հայտնի կդառնա մոտ օրերս»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան