«Ապահովագրությունը պանացեա չէ, դա ընդամենը միջոցների հավաքագրման և բաշխման միջոց է». Արսեն Թորոսյան

2019թ. բյուջեով առողջապահությանը հատկացվող գումարներն ուղղված են լինելու հանրային առողջապահական ծառայությունների բարելավմանը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջապահական, վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները լինելու են պետության առաջնահերթությունը»,- ասաց Ա.Թորոսյանը:

Ըստ նրա՝ դեղային և տեխնոլոգիական քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու դրանց մատչելիության, անվտանգության և կիրառման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ավելի արդիական ու արդյունավետ դեղերով ապահովմանը:

Անդրադառնալով առողջապահական ապահովագրության խնդրին՝ Ա.Թորոսյանը նշեց, որ այժմ աշխատում են կոնցեպտ փաստաթղթի վրա, թե ինչպիսի ապահովագրություն են ուզում տեսնել երկրում:

«Ապահովագրությունը պանացեա չէ, դա ընդամենը միջոցների հավաքագրման և բաշխման միջոց է»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում արդյունավետ է, երբ ապահովագրական հիմնադրամը մեկն է, կոչվում է պետական կամ ազգային, բայց այն մասնավոր չէ: Նրա կարծիքով՝ դա թույլ է տալիս վերահսկել գները:

Տուբերկուլյոզի կենտրոններից միայն մեկը կպահպանվի՝ Աբովյանի կենտրոնը, որովհետև Հայաստանում գրեթե դեպքեր չկան և կենտրոնները պարապուրդի են մատնված: Թորոսյանը նշեց, որ մինչև 2022թ. նպատակ է դրվել ընդհանրապես վերացնել տուբերկուլյոզը Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս