Իրանում փորձարկել են սեփական արտադրության հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր
Իրանում խոշորամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկել են սեփական արտադրության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) երկու արդիականացված համակարգեր: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Իրանական բանակը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վարժական թիրախներին հարվածներ են հասցրել «Սայադ-2» հրթիռներով, որոնք համատեղելի են ՀՕՊ-ի «Թալաս» համակարգերի հետ, որոնք նախատեսված են միջին եւ մեծ բարձրություններում օդային օբյեկտների խոցման համար:
Բացի այդ, վարժանքների ժամանակ ԻՀՊԿ-ի ռազմաօդային զորամասերը պայմանական հակառակորդի օդային թիրախները ոչնչացրել են սեփական արտադրության «Հորդադ-3» զենիթահրթիռային համալիրի օգնությամբ: Վարժանքներում ցուցադրվել են նաեւ միջին հեռահարության «Մերսադ» հայրենական համակարգերը:
Զորավարժությունները տեղի են ունենում մոտավորապես 500 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Իրանի հյուսիսային, արեւմտյան, արեւելյան ու կենտրոնական շրջաններում: Դրանք սկսվել են նոյեմբերի 5-ին, այն օրը, երբ ԱՄՆ-ը մտցրեց հակաիրանական պատժամիջոցների երկրորդ, հիմնական փաթեթը, որոնք ուղղված են երկրի բանկային ու նավթային սեկտորների դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: