Բաժիններ՝

«ՀՀ-ում թափ է առնում ընտրովի արդարադատությունը, դատարանները կախված են գործադիրից». փաստում է փաստաբանը

ԱԺ-ն նոյեմբերի մեկին ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ համաներման ակտով ոտնահարվել են Սահմանադրության հիմնական օրենքի 28, 29 հոդվածները: Խոսքը հավասար դաշտի խախտումների ու խտրականության մասին է:

«Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ վերջ է դրվում զոռբայությանը, բոլորը պետք է գործեն հավասար դաշտում, դատարաններն ու պետական բոլոր լիազոր մարմինները՝ նույնպես: Այս գաղափարախոսությունը եղել է ՀՀ քաղաքացու տարիների երազանքը, բայց իրավական ոլորտում որոշ գործերում տեսնում ենք ընտրովի նախաքննություն, ընտրովի արդարադատություն:

Փաստում եմ, որ ՀՀ-ում որոշ գործերով թափ է առնում ընտրովի արդարադատությունը, դատարանները կախված են գործադիրից: Տիպիկ օրինակ է  Նորք-Մարաշի քրեական գործը, որտեղ փոխվել է գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը, բացի Արթուր Վարդանյանից, քանի որ մեղադրող դատախազը գտնում է, որ Արթուրն ունի կազմակերպչական ընդունակություններ և կալանքը փոխելուց հետո կարող է ազդել գործով անցնող մյուս ամբաստանյալների վրա: Արթուր Վարդանյանը 3 տարի է, ինչ գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»:

Այս գործում Արթուրն ու մյուսները մեղադրվում են 2015թ. իշխանափոխության մտադրություն ունենալու համար, որը 2018թ. ապրիլին արդեն իրականացվեց: Եվ նման պայմաններում, երբ կատարվում էր համաներում, անդրադարձ եղավ, որ «Սասնա ծռերի» գործով խումբը պետք է համաներմամբ ազատ արձակվի, տարօրինակ էր, որ Նորք-Մարաշի զինված խմբի դեպքում այդպես չեղավ: Այս առիթով ՀՀ Արդարադատության նախարարը հայտարարեց, թե «Սասնա ծռերի» դեպքում կար հասարակական պահանջ: Սահմանադրությունն ասում է՝ եթե մի գործառույթ ես իրականացնում, ապա պետք է բոլորի համար հավասար լինի: Նորք-Մարաշի խումբը մեղադրվում է իշխանափոխություն կատարելու մեջ, որը մտադրություն է եղել, չի իրականացել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, որն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը, դրան մասնակցելը, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս