«Հայրենիք-սփյուռք կենտրոն»-ի նախկին տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը. փոխանցվել է 100 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պատճառված վնասը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարված մրցույթում մերժվել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են բարձր գին առաջարկած երկու այլ ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Բացի այդ, առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 100 մլն ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված նյութական վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, պատճառված վնասի վերականգնումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: