Ո՞վ կարող է կանգնած լինել Տիգրան Ավինյանի նախկին օգնականի կուսակցության հետևում

Օրեր առաջ 168.am-ին լուրեր էին հասել, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, այն մասին էր, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձել էր տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից, ով կտրականապես հերքեց այդ լուրը` ասելով, որ անգամ այդ թեմայով քննարկում չի եղել:

Մեր ճշգրտող հարցին, թե ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանել էր, որ բոլորը տարաձայնություններ ունեն, և դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է, և ավելացրեց.

«Եթե կուսակցությունում տարաձայնություն չկա, այն դառնում է Հանրապետական կուսակցություն։ Իսկ մենք չենք ուզում դառնալ Հանրապետական կուսակցություն ու չենք դառնալու։ Ձեզ վստահեցնում եմ, և վստահեցնում եմ, որ միշտ ենք ունենալու տարաձայնություն»:

Այս լուրից էլ կարճ ժամանակ անց` նոր ընտրական օրենսգրքի` ԱԺ-ում տապալումից հետո, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ ինքը սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, քանի որ նոր Ընտրական օրենսգիրքը տապալվեց, և անցումային կառավարությունը չկարողացավ կատարել իր հանձնառությունը։

«Հրաժարականիս միակ պատճառը նոր Ընտրական օրենսգրքի տապալումն էր. կա նախապատմություն․ նախքան հեղափոխությունը ես և իմ գաղափարակից ընկերները մշակել էինք որոշակի համակարգային փոփոխությունների փաթեթ, որը երաշխավորելու էր քաղաքական համակարգի առողջացումը։ Դրա մի կետն էլ հենց ԸՕ-ն էր, որը որդեգրվեց անցումային կառավարության կողմից, դարձավ իրենց կառավարության կարևորագույն կետը, և այդ կետը տապալվեց, այսինքն` կառավարությունը տապալեց այն հիմնական առաքելությունը, ինչի համար անցումային էր և ոչ՝ հիմնական»,- հետագայում իր քայլի դրդապատճառներն էր մանրամասնել Միքայել Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի` անհրաժեշտ էր պատասխանատվության այլ մեխանիզմներ առաջարկել, սակայն դրա փոխարեն՝ կառավարությունը հնչեցրել է հայտարարություններ, թե ԸՕ-ն այնքան էլ կարևոր չէ։ Նա նշել է, որ այս մոտեցումն իր համար անընդունելի է, և դա անհամաձայնության այն հիմնական կետն է եղել, որի պատճառով ինքը կառավարությունից հեռացել է։

Սրան հետևեց Տիգրան Ավինյանի խորը ափսոսանքն իր օգնականի` աշխատանքից ազատվելու հետ կապված:

«ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն ասաց, որ Նահապետյանի նկատմամբ իր վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել և դրական է.

«Նա շատ լավ աշխատակից է, և ես ցավով եմ նշում, որ պետք է հրաժեշտ տանք իրար: Բայց, այնուամենայնիվ, անձն ունի իր քաղաքական դիրքորոշումը, որն ինձ համար հասկանալի է, և առհասարակ քաղաքական մեր մերկ դաշտում նոր գործիչների և նոր քաղաքական ուժերի կայացումը շատ կարևոր է»:

Վերջինս հավելել է նաև, որ քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր են պետք:

Եվ ահա այսօր Միքայել Նահապետյանը, ինչպես և նախապես հայտարարել էր, մի խումբ քաղաքացիական ակտիվիստների հետ  ստեղծում է նոր, սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ «Քաղաքացու որոշում» անվամբ:

Ի դեպ, մեր աղբյուրները հենց այդ անունն էին նշել՝ որպես Ավինյանի կողմից ստեղծվող կուսակցության անվանում։

Արդյո՞ք Ավինյանի` նոր կուսակցություն ստեղծելու լուրեր-նրա օգնականի աշխատանքից ազատում-վերջինիս կողմից կուսակցության հիմնում շղթան ակամայից կասկածներ չի հարուցում առ այն, որ ՔՊԿ-ի պատերն այնքան էլ ամուր չեն շարված, իսկ իշխանությունն էլ այն շքեղ, բայց շատ ծանր պատմուճանն է, որի տակ շատերն են կքել ու դեռ կծնկեն:

Իրադարձությունները չափազանց արագ են զարգանում՝ այս ենթադրությունների՝ գոնե հիմնազուրկ թվալու համար:

Տեսանյութեր

Լրահոս