Բաժիններ՝

Ոստիկանության պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ մեղադրանքի` ոստիկանության պաշտոնատար անձ Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, այդ թվում` իր գործընկերոջը ներկայացրել է, թե իբր զբաղվում է մատչելի գներով բնակարանների առուվաճառքով: Տարատեսակ հիմնավորումներով նրանց վստահությունը ձեռք բերելուց հետո Մ. Հ.-ն, իբրև բնակարանների վաճառքի համար կանխավճար, ինչպես նաև պետական մուծումներ կատարելու և այլ պատրվակներով հիշյալ անձանցից խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի, այդ թվում` 50.000, 25.000, 20.000, 16.000, 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Բացի այդ, Մ. Հ.-ն, տեղեկանալով իր ծանոթ Է. Զ.-ին փաստացի պատկանող բնակարանը 100.000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերջինիս մտադրության մասին, այն նույնպես խարդախությամբ հափշտակել է:

2016-2017 թվականների ընթացքում Մ. Հ.-ն տարբեր անձանցից ընդհանուր առմամբ հափշտակել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլար:

Խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու /6 դրվագ/, նույն եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու /3 դրվագ/ և ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու փորձի  համար Մ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս