Բաժիններ՝

Ռիդլի Սքոթը նկարահանելու է «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը. THR

Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը մտադիր է նկարահանել իր ժողովրդականություն վայելող «Գլադիատոր» ֆիլմի (2000 թ.) շարունակությունը: Այդ մասին իր կայքում հայտնել է The Hollywood Reporter հանդեսը։

Նրա տվյալներով՝ նախագծի վրա աշխատանքն արդեն սկսվել է, սակայն դեռ գտնվում է ամենավաղ փուլում: Կինոնկարի արտադրությամբ կզբաղվի Paramount հոլիվուդյան կինոստուդիան: Ժապավենի համար սցենարը, ինչպես սպասվում է, կգրի Փիթեր Քրեյգը, որն աշխատել է «Քաղցած խաղերի» երկու մասերի էկրանավորման տեքստերի վրա: 80-ամյա Սքոթը, որը «Գլադիատորի» բեմադրման համար անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, կրկին կվերադառնա ռեժիսորական աթոռին: Deadline պորտալի տվյալներով՝ դերասան Ռասել Քրոուն, որը գլխավոր դերն է խաղացել օրիգինալ կինոնկարում, սիքվելում չի ընդգրկվել:

Նրա հերոսը զոհվել Է առաջին մասում, եւ շարունակությունն ստեղծողները մտադիր չեն նրան «հարություն տալ»: Սիքվելը նվիրված է լինելու «Գլադիատորի» հերոսուհիներից մեկի որդու պատմությանը, որը գնալու է Քրոուի հետքերով. հայտնում է Deadline-ը: «Գլադիատոր» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2000 թվականին, սիրվել է ինչպես կինոքննադատների, այնպես էլ հանդիսատեսների կողմից. համաշխարհային վարձույթում վաստակելով ավելի քան 457 մլն դոլար: Կինոնկարն անվանակարգվել է «Օսկար»-ի 12 մրցանակների՝ արդյունքում ստանալով դրանցից հինգը, ներառյալ տարվա լավագույն ֆիլմի եւ տղամարդու լավագույն դերի (Քրոու) համար սահմանված պարգեւները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս