«Ձեր սխալ որոշումը չխանգարեց, որ Արտակ Բեգլարյանը պաշտպանի Արցախի իրավունքներն ու շահերը». Արայիկ Հարությունյանը՝ Էդվարդ Նալբանդյանին
Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը գերազանցությամբ ավարտելով, այնուհետև՝ կրթություն ստանալով Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ Արտակ Բեգլարյանը 2011թ. ցանկություն էր հայտնել ուսումը շարունակել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, որին, սակայն, դեմ էր արտահայտվել այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատճառաբանելով Արտակի ֆիզիկական սահմանափակումները:
Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտոնում Արտակ Բեգլարյանի նշանակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Նալբանդյանը սկզբունքորեն մերժեց անգամ իր այդ որոշումը փոխելու կապակցությամբ երկու վարչապետների՝ իմ և Տիգրան Սարգսյանի խնդրանքները: Այդ ամենը, իհարկե, չխանգարեց Արտակին ավելի որակյալ կրթություն ստանալու Լոնդոնի Համալսարանական քոլեջում, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության ամերիկյան դպրոցում և այլուր»,- գրել է Ա. Հարությունյանը:
Գրառման համաձայն՝ ԱՀ վարչապետի օգնական աշխատելու տարիներին Արտակը փորձել է դատարանի միջոցով վիճարկել Նալբանդյանի այդ որոշումը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն օբյեկտիվ պատճառներով Ա. Հարությունյանը նրան խնդրել է գործի կեսից դատական պրոցեսը չշարունակել:
«Բայց խնդիրը մարդկային առումով շարունակ մտահոգում էր ինձ: Եվ այսօր Արտակի արձանագրած հաջողությունների կապակցությամբ չեմ կարող չհայտնել ուրախությունս և, դիմելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, ասել, որ չնայած Ձեր սխալ որոշմամբ Արտակ Բեգլարյանը զրկվեց դիվանագիտական դպրոցում կրթություն ստանալու իրավունքից, դա չխանգարեց, որ նա այսօր ներքին և միջազգային հարթակներում պաշտպանի արցախցիների իրավունքներն ու շահերը՝ որպես ԱՀ մարդու իրավունքների պաշտպան»,- գրել է Ա. Հարությունյանը՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ կա ևս մի գաղտնիք, որի մասին կխոսի տարիներ անց:
«Արտա՛կ, նայում եմ քեզ ու հիանում քո ամուր կամքով, կյանքի հանդեպ քո ունեցած սիրով՝ չնայած, որ այն շատ դաժան է գտնվել քո նկատմամբ… Վաղ հասակում պատերազմի դաշտում կորցրել ես հորդ՝ իմ մարտական ընկերոջը, այնուհետև այդ չարաբաստիկ ռումբի պայթյունը, որ քեզնից խլեց տեսողությունդ, ապա և մայրիկիդ կորուստը… Մանկահասակ երեխայի համար արդյո ՞ք շատ չէին կյանքի այսօրինակ դառը հարվածները: Բայց քո տոկունությունը ավելի ամուր եղավ այդ պայքարում, և դու հաղթեցիր»,- նշել է Ա. Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ նա իր աշխատասիրությամբ և ունեցած մեծ պատասխանատվությամբ դեռ մեծ բարձունքներ է նվաճելու հանուն արցախցիների իրավունքների և շահերի:
Հարգելի ՛ հայրենակիցներՀոկտեմբերի 31-ին Խորհրդարանի կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Artak…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Donnerstag, 1. November 2018