«Սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ համաներումը չի տարածվելու». Արտակ Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ համաներումը չի տարածվելու սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կունենան առարկություն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից։
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից բարձրացրած այն հարցին, որ պետք է վերանայվեն զմահ ազատազրկվածների գործերը, Արտակ Զեյնալյանը նշեց, որ դատական գործերի վերանայման համար ՀՀ Քրեական օրենսգրքով կա նախատեսված մեխանիզմ։
«Մենք կողջունենք, եթե այդ գործերը վերանայվեն, և փարատվեն բոլոր կասկածները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչպիսի լուծում կստանան։ Կարծում եմ՝ կլինեն փաստաբաններ, որոնք կլինեն հասանելիության տիրույթում, որոնք գրագետ ձևով կշարադրեն այն դիմումներն ու բողոքները, որոնք հնարավարություն ունեն հանգեցնելու դատական գործերի վերնայման»,- նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է վաղաժամկետ ինստիտուտի կիրառմանը՝ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ Հայաստանում նման ծավալով պայմանական վաղաժամկետ ինստիտուտը երբեք չի կիրառվել։
Նրա խոսքով՝ բավականին դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ և ներկայացված դիմումների 1/3-ից ավելին բավարարվում է, իսկ կանանց համար բավարարվում է ներկայացրած դիմումների 2/3-ը։
«Ցմահների և առանձնապես ծանր հանցագործություններ կատարողների վերաբերյալ մենք հանդես ենք գալու առանձին նախաձեռնությամբ, այսօր կառավարությունն այդ օրենսդրական փաթեթն արդեն հաստատել է»,- նշեց Ա. Զեյնալյանը և կոչ արեց բոլոր այն անձանց, ովքեր համաներմամբ ազատվելու են, այնպես անեն, որ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունները չզղջան իրենց արած ներման համար։
Զվարթ Խաչատրյան