50-ից ավելի ջրասուզակներ են աշխատում ինդոնեզական ինքնաթիռի կործանման վայրում
Ավելի քան 50 ջրասուզակներ են ներգրավված Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության ինքնաթիռի սեւ արկղի որոնումներում եւ հանրանավի ֆյուզելյաժի հնարավոր բարձրացմանը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
Նոյեմբերի 1-ին այս մասին լրագրողներին հայտնել է Որոնման եւ փրկման ազգային գործակալության ղեկավար Մոհամադ Սայուգին: Detik նորությունների պորտալի տեղեկատվությամբ՝ ստորջրյա մասնագետների մի մասն արդեն իջել է մոտավորապես 30-40 մետր խորություն:
Փրկարարները նոյեմբերի 1-ին բարձր ճշգրտության սարքավորումների միջոցով ստացել են կործանված հանրանավի ֆյուզելաժի պատկերները: Բացի դրանից, սարքերն ինքնաթիռի ինքնագրիչի հստակ ազդանշան են արձանագրում:
«Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա, հնարավոր է, այսօր կարողանանք հայտնաբերել սեւ արկղը»,-ասել է գործակալության ղեկավարը: Նա նաեւ հավաստել է, որ պլանավորվում է ներգրավել հատուկ տեխնիկա հանրանավի ֆյուզելաժը բարձրացնելու համար: Իսկ ընդամենը, նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ին գործողությանը մասնակցում են ավելի քան 850 փրկարարներ, ոստիկաններ եւ զինծառայողներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: