Facebook-ը երկու շենք կկառուցի Microsoft-ի կենտրոնակայանի հարևանությամբ
Facebook ընկերությունը պլանավորում է իր կարիքների համար երկու շենք կառուցել Վաշինգտոնի նահանգի Ռեդմոնդ քաղաքում, որտեղ գտնվում է Microsoft կորպորացիայի կենտրոնակայանը: Այդ մասին հայտնել է Puget Sound բիզնես-հանդեսը: Նրա տվյալներով՝ Facebook-ը Ռեդմոնդի իշխանություններին իրազեկել է այդ քաղաքում երկու վեցհարկանի շենք կառուցելու մտադրության մասին:
Դրանք նախատեսված են լաբորատորիաների, գրասենյակների կոնֆերենց-սրահների ու ճաշարանների համար: Ընկերությունը ցանկանում է քանդել տները, որպեսզի հողամաս ազատի Building X անվանումը կրող նախագծի համար: Տների քանդումը նախատեսված է 2019 թվականի մայիսին:
Ինչպես հիշեցնում է հանդեսը, ընկերության աշխատակիցների թիվն անցյալ տարվա հունիսի մոտավորապես 20,7 հազարից այժմ հասել է ավելի քան 30 հազարի: Նրանք տեղավորված են գլխավորապես Մենլո-Պարկի (Կալիֆոռնիայի նահանգ) տեխնոլոգիական պարկում, ինչպես նաեւ Սան Ֆրանցիսկոյի երկնաքերներից մեկում: Ինչպես արդեն տեղեկացվել է, աշխարհում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 2,27 միլիարդը, ինչի մասին վկայում Է ընկերության երրորդ եռամսյակի վերաբերյալ հոկտեմբերի 30-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը: Ինչպես հետեւում է փաստաթղթերից, 2017 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ նշված ցուցանիշն ավելացել է 10 տոկոսով:
Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր սոցցանց են մտնում ամսական մեկ անգամից ոչ պակաս: Ընդ որում՝ սեպտեմբերին առնվազն 1,49 մլրդ մարդ օրական գոնե մեկ անգամ օգտվել է Facebook-ից: Այդ ցուցանիշը անցյալ տարվա հաշվետու շրջանի գնահատումների համեմատությամբ աճել է 9 տոկոսով: Ընկերությունը նաեւ հայտնել է, որ եռամսյա ժամանակաշրջանում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, իր զուտ շահույթը կազմել է 1,76 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով կամ միագումար 5,14 մլրդ դոլար:
Այն 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատությամբ աճել է 9 տոկոսով: Այն ժամանակ շահույթը կազմել էր 4,71 մլրդ դոլար: Վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ընդհանուր հասույթը գերազանցել է 13,73 մլրդ դոլարը, մեծ մասամբ դրանք գովազդից ստացված եկամուտներն են: 2017 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով՝ այդ ցուցանիշը հասել էր 10,33 մլրդ դոլարի: Այդպիսով՝ դրա աճը կազմել է 33 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: