«Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին»
«Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարել ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին: ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ` դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցին: Ուստի, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նագանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է:
«Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն է՛լ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը:
Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խոսքով՝ ՌԴ-ն չի միջամտելու և հետևելու է ընթացող զարգացումներին: Ըստ նրա՝ Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: