Facebook-ը Մեծ Բրիտանիայում 644 հազար դոլարով տուգանվել է տվյալների արտահոսքի պատճառով
Facebook-ն առավելագույն հնարավոր 500 հազար ֆունտ կամ 644 հազար դոլար տուգանք է ստացել Cambridge Analytica բրիտանական ընկերության հետ համագործակցության համար, որը հանգեցրել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի: Այդ մասին գրել է Associated Press գործակալությունը:
Տեղեկատվության գծով կոմիսարի բրիտանական վարչությունը Facebook-ը տուգանելու մտադրության մասին հայտարարել էր հուլիսին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ 2007-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանում ընկերությունը տվյալների պաշտպանության վերաբերյալ 1998 թվականի օրենքի երկու խախտում է թույլ տվել. Facebook-ը չի կարողացել ապահովել իր օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը, ինչպես նաեւ բավականաչափ թափանցիկ չի եղել երրորդ անձանց կողմից այդ տվյալների հետագա օգտագործման հարցերում:
Վաղեմության ժամկետի պատճառով Facebook-ի նկատմամբ չի կարող կիրառվել անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ-ի գլխավոր կանոնակարգը, որով ընկերությանը տուգանք կսպառնար տարեկան շրջանառության մինչեւ 4 տոկոսի չափով, ինչը կազմում է 1,9 մլրդ դոլար:
Այս տարվա գարնանը հայտնի է դարձել, որ Cambridge Analytica վերլուծական ընկերությունն օգտատերերի տվյալները հավաքել է Facebook-ում իր հավելվածի միջոցով եւ դրանք օգտագործել է քաղաքական գովազդի տեղաբաշխման համար, մասնավորապես, 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների եւ Եվրամիությունից ՄԵծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի ժամանակ: Չարաշահումը կարող է վերաբերել սոցցանցի ընդհանուր առմամբ 87 մլն օգտատերերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: