Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը նշել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առեւտրական սուր դեֆիցիտը համարել է վրացական տնտեսության «Աքիլեսյան գարշապարը»։ Վրաստանի բացասական առեւտրական հաշվեկշիռը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 4,2 մլրդ դոլար կամ ամբողջ արտաքին առեւտրաշրջանառության 46,3 տոկոսը:

Բախտաձեի խոսքով՝ երկրի ավտոպարկը էլեկտրամոբիլներով փոխարինելը կհամապատասխանի երկրի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին եւ կամրապնդի Վրաստանի տնտեսության կայունությունը:

«Ձեզ ասեմ, որ փաստորեն ներմուծման ծավալը եռակի գերազանցում է արտահանման ծավալը: Ներմուծման մեծ մասը բաժին է ընկնում վառելիքին, եւ էլեկտրամոբիլներով մենք կկարողանանք մեծապես օժանդակել մեր տնտեսությանը, դա ենթադրում է բնապահպանության բարելավում եւ դրա հետ մեկտեղ՝ մակրոտնտեսական ոլորտի բարելավում, քանի որ այդ նախագծի օգնությամբ զգալիորեն կկրճատվի առեւտրական դեֆիցիտը, որը մենք ունենք տնտեսության մեջ»,-հայտարարել է վարչապետը Վրաստանի կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:

Ավելի վաղ վարչապետը հայտնել է, որ կառավարությունը մշակել է ծրագիր, որի համաձայն, առաջիկա տասը տարվա ընթացքում գործող ավտոպարկի 90 տոկոսը կփոխարինվի էլեկտրամոբիլներով եւ, համապատասխանաբար, Վրաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որը նման կարճ ժամկետում կկարողանա իր ավտոպարկը փոխարինել էլեկտրամոբիլներով, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս