Վրաստանի վարչապետն ակտիվության է կոչել քաղաքացիներին նախագահական ընտրություններում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին։
«Մի քանի օրից մեզ մոտ կլինի շատ կարեւոր ու պատասխանատու օր. երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ես ցանկանում եմ կոչ ուղղել մեր քաղաքացիներին. «Գնանք ընտրությունների եւ կատարենք ցանկալի ընտրությունը», ասել է Բախտաձեն: Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը երկրի բնակիչներին խոստացել է, որ նրանց ձայնի իրավունքը երաշխավորված կլինի: Առաջիկա ընտրությունները կդառնան Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրությունները: Այս անգամ ժողովրդի ընտրյալը նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի, հինգի փոխարեն, ինչպես դա եղել է մինչ այժմ:
«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը պաշտպանում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, նրա գլխավոր մրցակիցներն են համարվում «Ուժը միասնության մեջ է» միավորման թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, հաղորդել է Sputnik-ը: