Մելանյա Թրամփը մեկնաբանել է պայթանյութ պարունակող ծանրոցների առաքման գործը
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը լրագրողների հետ կայացած հանդիպմանը դատապարտել է նրանց, ովքեր պայթանյութ պարունակող կասկածելի ծանրոցներ են ուղարկել ԱՄՆ-ի քաղաքական ու պետական գործիչներին։
«Մենք չենք կարող հանդուրժել այդ վախկոտ գրոհները նախագահ Քլինթոնի, նախագահ Օբամայի, նրանց ընտանիքների, պաշտոնյաների, մարդկանց ու կազմակերպությունների դեմ: Եվ ես վճռականորեն դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրում են բռնությունը»,- հայտարարել է Մելանյա Թրամփը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Գաղտնի ծառայությանը, տեղական ու դաշնային իրավապահ մարմիններին, որոնք «ամբողջ երկրում մարդկանց ոգեշնչում են բարին ընտրել ատելության փոխարեն»:
Ավելի վաղ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ կալանել է երկու պայթուցիկ սարք, որոնք փոստով առաքվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Եվս մեկ ենթադրյալ պայթուցիկ սարք է ստացվել Նյու Յորքում Time Warner Center-ի շենքում: Այն հասցեագրված է եղել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանին:
Նույն օրը Ֆլորիդայի նահանգում տարահանվել է կոնգրեսական Դեբի Վասերման Շուլցի գրասենյակը, որտեղ նույնպես նման ծանրոց է ստացվել: Նաեւ ծանրոցներ են ստացել դեմոկրատ կոնգրեսական Քամիլա Հարիսի ընդունարանը, որը գտնվում է San Diego Tribune թերթի հետ նույն շենքում, CNN հեռուստաալիքը եւ «Բաց հասարակություն» կազմակերպության կենտրոնակայանը: Հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք է գտնվել փոստարկղում՝ Նյու Յորքի նահանգում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան մոտ: Եվս մեկ կասկածելի փաթեթ է հայտնաբարվել Մերիլենդում Կոնգրեսի փոստային տեսակավորման հիմնակայանում: Այդ գրոհների հետաքննությամբ այժմ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնության կիրառումը որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման մեթոդ եւ ամերիկացիներին կոչ է արել գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները կարգավորել՝ նոյեմբերի 6-ին մասնակցելով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:
«Կա մեր տարաձայնությունները վերացնելու միայն ու միայն մեկ միջոց. դա խաղաղ քվեարկությունն է ընտրատեղամասերում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: