Ի՞նչ են քննարկել ՀԾԿՀ-ն և ՀԷՑ-ը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում լրացումներ և փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում, սույն թվականի հոկտեմբերի 2-ին, կազմակերպվել է համատեղ քննարկում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նիստում քննարկելով վերոնշյալ հարցը՝ հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման և հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունեց որոշում, որի համաձայն.
1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը:
2. Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի.
3. Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:
Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am: