Իվանիշվիլին կանխատեսել է նախագահական ընտրությունների արդյունքը Վրաստանում
Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հորդորել է տատանվող ընտրողներին հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում քվեարկել նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։
«Մեր կուսակցությունը պաշտպանում է Սալոմե Զուրաբիշվիլիին, եւ, ըստ մեր վերջին ուսումնասիրությունների, նա ընտրություններում կարող է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 53 տոկոսը»,- հոկտեմբերի 24-ին հայտարարել է Իվանիշվիլին վրացական հեռուստաալիքներին: Նա կարծում է, որ նախկին իշխող կուսակցությունից՝ «Միասնական ազգային շաժումից», երկու թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն եւ Դավիթ Բաքրաձեն չեն կարողանա մրցակցել Զուրաբիշվիլիի հետ:
«Վրացական երազանքի» նախագահը հայտարարել է, թե ընդդիմախոսները փորձում են Զուրաբիշվիլիին մեղադրել Վրաստանի շահերին դավաճանելու մեջ:
«Ազգային շարժում» կուսակցությունը եւ նրա «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը փորձում են Վրաստանին իրենց դավաճանությունը բարդել Զուրաբիշվիլիի վրա, որը Սահակաշվիլին, այլ ոչ թե Վրաստանին է մեղադրել 2008 թվականին պատերազմ սկսելու համար: Ես նույնպես գտնում եմ, որ այն ժամանակվա ղեկավարությունը՝ Սահակաշվիլիի գլխավորությամբ, դավաճանություն գործեց՝ պատերազմ սանձազերծելով, որից կարելի էր խուսափել»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: