Բաժիններ՝

Իրանը հերքել է իր նավթը վաճառելու հարցում ՌԴ-ի օգնության մասին հրապարակումները

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ստահոդ է համարել իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն Մոսկվան օգնում է Թեհրանին՝ պատժամիջոցների պայմաններում վաճառելու իր նավթի մի մասը։

«Դրանք իսրայելացիների ասածներն են, նրանք ճիշտը չեն ասի»,- հայտարարել է Զանգանեն, որի խոսքը մեջբերել է Shana գործակալությունը: Ավելի վաղ Mako.co.il հրատարակությունը՝ վկայակոչելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթուղթը, հայտնել էր, որ Ռուսաստանն Իրանին կօգնի ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ: Նշվել է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի յոթին Թեհրանում:

Ինչպես պարզաբանում է հոդվածի հեղինակ Դանա Վայսը Twitter-ի իր էջում, Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետեւ այդ նավթը միջազգային շուկա կուղարկվի որպես ռուսական նավթ:

Բացի դրանից, ինչպես պնդում է լրագրողուհին, նման մեխանիզմի ստեղծմանը հավանություն կտան նաեւ Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են այդ միջոցով պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:

«Այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը կպահպանի նավթային պատժամիջոցները Իրանի՝ ածխաջրածինների խոշորագույն համաշխարհային մատակարարներից մեկի դեմ, վառելիքի շուկայում անկայունություն կդիտվի»,- Զանգանեի խոսքը մեջբերել է Tasnim գործակալույթունը: Նախարարն ընդգծել է, որ «ոչ մի երկիր ի զորու չէ Իրանի բաժինը փոխարինել նավթի համաշխարհային շուկայում»:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում է համոզել իր դաշնակիցներին մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս