Բաժիններ՝

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:

«Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ: Այս ոլորտում պետք է առաջնորդվել չվնասելու սկզբունքով: Կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը՝ նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով»,- ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նշել է Արման Թաթոյանը:

Ծրագրի շրջանակում պատվիրակության անդամները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը և ազատությունից զրկված վայրեր իրականացվող չհայտարարված մշտադիտարկման այցերի ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքի մեթոդներին ու սկզբունքներին՝ իրենց երկրում ներդնելու նպատակով:

Ոլորտի ամբողջական ուսումնասիրության նպատակով՝ Պաշտպանի աջակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում և Պրոբացիայի ծառայությունում:

Ուսումնական այցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվել են նաև ճանաչողական բնույթի այցեր ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Պատվիրակության անդամներն այցի ավարտին հետագա արդյունավետ համագործակցության վստահություն են հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս