Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին՝ Մեթիսին թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հնարավոր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրություններից: Այդ մասին գրել է The Hill հրատարակությունը: Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում դեմոկրատների ղեկավար Ջեկ Ռիդը նշել է, որ այդ պաշտոնաթողությունը «խիստ անտեղի կլիներ եւ կհարվածեր ազգային անվտանգությանը»:
Նրա կարծիքով՝ Կոնգրեսի մյուս անդամները նույնպես հավանություն չեն տալիս Մեթիսի պաշտոնաթողության գաղափարին: Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի անդամ դեմոկրատ Ադամ Սմիթը գտնում է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Մեթիսի գտնվելը օգուտ է բերում ԱՄՆ-ին:
«Ինչպես երեւում է, նա կարողանում է աշխատել նախագահի հետ՝ զսպելով նրա վատագույն հակումները»,-հայտարարել է նա The Hill-ին: Երկու կուսակցություններից կոնգրեսականներն անհանգստացած են այն բանից, որ, փոխարինելով Մեթիսին, նախագահը կարող է խախտել ուժերի հավասարակշռությունն իր վարչակազմում: Մեթիսը, ինչպես համարվում է, չափավոր դիրքէ բռնում մի ամբողջ շարք միջազգային հարցերում՝ ի տարբերություն, օրինակ, Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: