Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը: Այդ մասին հայտնել է Brexit-ի գծով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում:
Խոսելով բրիտանական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ Բառնիեն ընդգծել է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի հարցը:
«Ես ցանկանում եմ հասնել համաձայնության, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում է բոլորի շահերին, բայց դեռեւս շատ լուրջ խնդիր է մնում` երաշխավորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղության ու կայունության պայմաններից մեկն է ողբերգական անցյալից հետո»,-հավելել է քաղաքական գործիչը:
Նա ընդունել է, որ վերջին հաշվով իռլանդական հարցի շուրջ պայմանավորվածության բացակայությունը կարող է դառնալ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակցությունների ձախողման պատճառը: «Իմ պատասխանն է՝ այո»,-ասել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով Իռլանդիայի պատճառով բանակցային գործընթացի հնարավոր անհաջողության վերաբերյալ հարցը:
«Բոլորն են դա ասել, ես խոսում եմ ԵՄ-ի բոլոր 27 պետությունների ու կառավարությունների ղեկավարների անունից: Եվրամիության ներսում միաբանություն կա այն բանի շուրջ, որ պայմանագրում, որը ես պետք է ներկայացնեմ, այդ հարցը (Իռլանդիայի) պետք է լրջորեն կարգավորված լինի բրիտանացիների հետ»,-հավելել է Բառնիեն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: