Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում ներկայացրեց աշխատատեղեր ստեղծելու իր պատկերացումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում։ Այնտեղ գտնվելու գլխավոր նպատակը Կապան քաղաքի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին մասնակցելն է, որը տեղի կունենա երեկոյան, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սյունեցիների հետ և լսել նրանց խնդիրները։

Բնակիչներին հուզող խնդիրներից մեկը խմելու ջրի հարցն էր. Սիսիան գյուղը 27 տարի ջուր չունի, ջրագիծ են քաշել, սակայն ջուր չեն տալիս։ Բնակիչների խոսքով՝ օգտվել են «թուրքի փորած հորերից, որոնք այսօր արդեն չորացել են»։

Կապանի քաղաքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը վարչապետին ավելի մանրամասն ներկայացնելով խնդիրը՝ նշեց, որ ջրագիծը կա, և դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որտեղից պատասխանել են, որ ջուր կարող են տրամադրել, եթե տեղադրվի խոշոր ջրաչափ։

Ն. Փաշինյանը բնակիչներին խոստացավ, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կքննարկեն հարցը։

«Ընդհանրապես ձեզ ասեմ, որ այս շրջանում շատ հարաբերություններ կան, որ պետք է ճշտենք, նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ մեր հարաբերությունները, հետագա աշխատանքները։ Հստակ ուզում եմ ասել, որ այս ընկերության հետ մեր հարաբերությունների նպատակակետն այն է, որ փոխադարձ բոլոր պարտավորվածությունները ճշգրտենք, որպեսզի ավելի արդյունավետ կարողանանք իրականացնել մեր ջրային համակարգը։ Իրար հետ պայմանավորվենք, թե մեր չարածն ինչպես ենք լրացնելու։ Սովորաբար գյուղերում լինում է ջրագծի խնդիր, իսկ դուք ջրագիծ ունեք, բայց ջուր չունեք։ Մենք խնդիրն արձանագրում ենք և և դրանով կզբաղվենք»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Բնակիչները Ն. Փաշինյանին դիմեցին նաև ճանապարհների բարեկարգման, աշխատատեղերի բացակայության, գյուղատնտեսության զարգացման և այլ խնդիրների լուծման համար։

Խոսելով աշխատատեղերի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն աշխատատեղեր էր բացում միայն Սովետի ժամանակ, երբ կառավարությունը ներդրումն անում էր, արտադրում, ծախում, այսինքն՝ ամեն ինչ կառավարությունն էր անում։

«Աշխատատեղեր ունենալու համար մեր պատկերացումը հետևյալն է՝ երկրում պետք է օրինականություն հաստատենք, որպեսզի մարդիկ, ներդրողներն այլ տեղերից հետաքրքրվեն, գան ու ներդրումներ անեն, գործարաններ բացեն ու աշխատեն»,- շեշտեց Ն. Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս