Բաժիններ՝

«Հայաստանը տեսնում ենք աշխարհաքաղաքական մեծ ճանապարհների խաչմերուկներում». Սևակ Արծրունի

arevelk.am. Հարցազրույց գործարար, «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր՝ Սեւակ Արծրունու հետ.

-Պարոն Արծրունի, հայտնի է, որ «Կառուցիր Հայաստան»-ն իր ծրագրերը հրապարակելու է 2019-ի սկզբից, եւ արդեն հայտարարվել է, որ այն ունի աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական հեռանկարներ: Կարո՞ղ եք այդ մասին ավելի մանրամասն պատմել:

-Բոլորին պարզ է, որ Հայաստանն այսօր լիարժեք չի կայանում՝ նախեւառաջ իր մեկուսացվածության պատճառով: Իսկ Հայաստանի Հանրապետության մեկուսացման պատճառներն են.

Թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհագրական առումներով:

Հայաստանյան օդանավակայանների եւ հայկական ավիաուղիների թերզարգացումը:
Հյուսիս-հարավ մայրուղին ավարտին հասցնելու դանդաղկոտությունը:
Չինաստան-Ռուսաստան-Պարսից Ծոց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» (OBOR) նախաձեռնության միջազգային ուղղության առումով հայկական հատվածի անորոշությունը եւ հայկական կողմի անհետեւողականությունը:

-Այս իրավիճակից դուրս գալու համար, հայկական կողմը ի՞նչ տարբերակներ ունի: «Կառուցիր Հայաստան»-ը ունի՞ տեսություն:

-Այս իրավիճակից դուրս գալու համար, Հայաստանն ունի առավելություններ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր լծակը՝ Հայաստան-Վրաստան առանցքի միջոցով ռուս-պարսկական հաղորդակցության ճանապարհները թուրքական վերահսկողությունից ազատելու միակ ճանապարհն է: Եւ դա կարող է տեղի ունենալ հայ-ռուս-վրացական արեւելյան-քրիստոնեական առանցքի ձեւավորումով:

-Ռուսաստանի շահերին համապատասխանո՞ւմ է այս մոտեցումը:

-Այո, Ռուսաստանը Հայաստանի միջոցով, իր իսկ շահերից ելնելով, Եվրասիական ցամաքամասում կարող է ձեւավորել ռուս-հայ-վրացական արեւելյան քրիստոնեական անշրջանցելի տնտեսական-ռազմական-հաղորդակցական գոտի, որը կլինի չին-եւրասիա-Պարսից Ծոց ցամաքային հաղորդակցական միջոցների վերահսկելիության միակ միջոցը:

Ռուսաստանի Դաշնության եւ նրա ժողովուրդի տնտեսական շահերը բոլոր ժամանակներում էլ կախված են եղել դեպի արեւելք ազդեցության գոտիների կառուցումից, սա, կարծում եմ, ապացուցելու կարիք չկա: Վկա՝ նրա ռազմական ներկայությունը մեր երկրում:

-Այսինքն, ըստ Ձեզ, այստեղ հայկական եւ ռուսական շահերը համընկնո՞ւմ են:

-Թողենք ռուսներին՝ հասկանալ իրենց շահերը, մենք կենտրոնանանք մեր շահերի վրա: Հարցին պատասխանեմ հարցով՝ կա՞ արդյոք հայ-չին-ռուսականի այլընտրանքը.

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ի հիմքում ընկած եւ արեւմտյան քաղաքական ուղղությունը սահմանող ատլանտականությունը: Սա Միացյալ Նահանգների, բրիտանացիների ու նրանց անգլո-սաքսոնական դաշնակիցների կողմից երկրագնդի հաղորդակցության միջոցների ու համաշխարհային տնտեսությունը ծովային ճանապարհների միջոցով վերահսկելու քաղաքական ուղեգիծն է:

Հայաստանը հազարամյակներից ի վեր գտնվում է ցամաքային ճանապարհների խաչմերուկում, Եվրոպայի եւ Ասիայի կենտրոնում: Այսինքն Հայաստանն Արեւմուտքն Արեւելքին է կապում Սեւ Ծովի ավազանով եւ Իրանով:

Ահա թե ինչու, ատլանտականության անգլո-սաքսոնական ուղղությունն ի բնե հակահայկական է եւ միտված է ռուսական ազդեցությունը բացառելուն եւ ցամաքային ճանապարհի կայացումը չարտոնելուն: Դրա փոխարեն այդ ուղղությունը միտված է աշխարհին պարտադրելու անգլո-սաքսոնական ծովային բացարձակ առավելությունը:

Այս իսկ տրամաբանությամբ, մեր երկրի կայացման հեռանկարներին սպառնում են երկու գլխավոր վտանգներ, դրանք են՝ Հայաստանում ձեւավորվող ատլանտականության հակառուսական անհեռանկար ու իռացիոնալ նկրտումները եւ ռազմավարական ծրագրերը չարաշահելու՝ ոմանց անկուշտ մոլուցքը:

-Իսկ Եվրոպա՞ն:

-Իմ կարծիքով, եւրո-ատլանտականության այլընտրանքը՝ գերմանա-ֆրանսիական ուղղությունը հեռանկարային չէ: Ամեն դեպքում, այստեղ եւս Հայաստանը կարող է ձեւավորել Եվրոպական մետաքսի ճանապարհի ճյուղավորումը դեպի արեւմտյան Եվրոպա՝ Հունաստան-Վրաստան-Հայաստան-Իրան խաչմերուկվող ճանապարհով:

-Ռուսատյացության հոսանքը Հայաստանում հակված է մտածելու, որ Ռուսաստանի Դաշնությանը հարկավոր է թույլ եւ ստրկացված Հայաստան, եւ որ մեր երկրի միակ կոչումն է՝ լինել ռուսական ռազմական ֆորտպոստ: Այդպե՞ս է արդյոք:

-Մեր 23 տարվա հապաղումներն ու ձախողությունները համարել ռուսական քաղաքականության հետեւանք, արդյունք է վատագույն դեպքում կեղծավորության, իսկ լավագույն դեպքում՝ չիմացության:

Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կողմնակից է եղել ստատուս-քվոյի, իսկ մենք այդ իրավիճակում կարող էինք օգտվել վերաբնակեցնելով ազատագրված տարածքները եւ Արաքսի արցախյան հարավային հովիտը վերածելու տնտեսական հաղորդակցական հզոր գոտու: Կարող էինք վերակառուցել հայ-վրացական փոխվստահություն եւ դրա ճանապարհով Հայաստանը մերձեցնել Սեւծովյան ավազանին: Հնարավոր էր նաեւ վաղուց ավարտել Հյուսիս-Հարավ մայրուղին ու կայացնել հայկական տնտեսությունը՝ զարկ տալով եւրասիական երկրների արտադրություններին, հայ-չինական տնտեսական հարաբերություններին, փոքրասիական եւ եւրասիական զբոսաշրջային ճանապարհներին եւ հայրենադարձության ակտիվացմանը: Այս ուղղություններից ո՞ր մեկն է ռուսական շահերին հակասում. ո՛չ մեկը:

Լինելով մի քիչ իրատես ու տրամաբանող, կարող ենք իսկույն բացահայտել, որ հայկական արտաքին երկչոտ եւ թուլամորթ քաղաքականությունը եւ տնտեսական մեղմ ասած ինքնակործան գործելաոճը, վնասել են նաեւ տարածաշրջանում ռուսական ծրագրերին եւ ռուս, հայ եւ վրացի ժողովրդների շահերին:

-«Կառուցիր Հայաստան»-ը, փաստորեն, Հայաստանը տեսնում է աշխարհաքաղաքական մեծ ծրագրերի խաչմերուկներում: Բայց այսօր դրան նպաստող իրավիճակ կա՞ աշխարհում: Մեր ցանկությունը թերեւս իրականություն չէ:

-Անշուշտ, կա:

Հրավիրում եմ մեկ կողմ դնել ռուսասիրությունը եւ ռուսատյացութունը, փոխարենը խոկալ Չինաստան-Եվրասիա-Իրան ցամաքային ճանապարհների հեռանկարում Չինաստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան-Պարսից Ծոց առանցքի շուրջ, եւ հայ-ռուսական, նույնիսկ հայ-վրացական եւ հայ-իրանյան հարաբերություններին նայել այդ կոնտեքստում:

«Կառուցիր Հայաստան»-ը ոչ թե ցանկությունների ոլորտում է ձեւավորվում, այլ՝ ժամանակի փոփոխվող պահանջների:

Հայաստանն իր դիրքով եւ նաեւ՝ որպես արեւելյան քրիստոնեության ամրոց այսօր նորից հայտնվել է աշխարհաքաղաքական հզոր խաչմերուկում: Հարկավոր է ընդամենն այս ծրագրի շուրջ կենտրոնացնել ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության ներուժը: Հենց դա էլ փորձելու է իրականացնել «Կառուցիր Հայաստան»-ը:

Եվրասիական աշխարհաքաղաքական դաշտի ձեւավորումը նոր, կարեւոր իրավիճակ է, սակայն դրանից է՛լ ավելի մեծ է Չինաստանի գործոնն ամբողջ աշխարհում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս