Ընտրությունների պետք է ներկայանանք «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների պետք է ներկայանա «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ։ Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հակառակ ճամբարից անձանց ներգրավելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Կա բարիկադներ կառուցելու և բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը։ Չենք ուզում, որ որևէ մեկը մտածի, որ հեղափոխությունից հետո իր կյանքը ավարտված է, սա չի նշանակում ինդուլգենցիա, պաշտոնյա լինելը որևէ մեկին պատասխանատվությունից չի ազատում, այդ թվում՝ մեզ»։
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներին, Փաշինյանն ասաց, որ իրենց խնդիրը առավել ժողովրդավարական մեխանիզմներ ներդնելն է։
Լրագրողի հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՀՀԿ–ն առաջադրի Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ և ընտրի՝ խափանելով խորհրդարանի լուծարումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։