Վահրամ Բաղդասարյանը չբացեց գաղտնիքը
Ընտրական օրենսգրքի հետ կապված ՀՀԿ-ն դեռ քննարկելու հարցեր ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, որ, եթե ՀՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել, ինչպես պնդում է Վիգեն Սարգսյանը, ի՞նչ են քննարկելու, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.
«Բայց ո՞վ է ասել, որ չեն ընդունվել: Մենք պայմանավորվել ենք, որ առաջարկություններն անենք, կառավարության ներկայացուցիչներն ասացին, որ կքննարկենք, և քննարկման արդյունքում կկայացվի որոշում: Մենք հանգիստ քննարկում ենք, որովհետև Ընտրական օրենսգիրքը հապճեպ ընդունելու օրենք չէ: Դա հետագա բոլոր ընտրությունների ճակատագրի հետ կապված սահմանադրական օրենք է, որ նախկինում թույլ տված սխալները չպետք է կրկնենք: Առաջինից երկրորդ ընթերցում ժամկետը պետք է երկարացվի, որ կարողանանք նորմալ առաջարկություններ անենք»:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ԸՕ-ն չընդունվի, և հին օրենսգրքով գնանք ընտրությունների, Վ. Բաղդասարյանը պատասխանեց.
«Չի բացառվում: Վտանգավոր բան չի լինի հին օրենսգրքով ընտրության գնալը, իրենք էլ են ասում: Նախընտրելին նա է, որ ընտրական օրենսգիրքը լինի այնպիսին, որ խոցելի չլինի, այսինքն՝ նաև կառավարության ծրագրի մեջ խոստացված կետերն իրականացվեն՝ ցուցակների մաքրում, լրացուցիչ ցուցակների կրճատում, տեխնիկական սարքերի հագեցում, և այլն»:
Նա չհամաձայնեց, որ ավագանու ընտրությունների ժամանակ ցուցակները մաքրվել են, և պնդեց, որ բավականին խնդիրներ դեռ կան:
ՀՀԿ խմբակցությունում մոտեցումների վերաբերյալ Վ. Բաղդասարյանը նշեց, որ յուրաքանչյուր հարցի հետ կապված մոտեցումները տարբեր են, բայց որոշումը լինում է միասնական:
Խմբակցության ղեկավարը չհստակեցրեց՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին.
«Դա մեր գաղտնիքն է: Թե ով ինչ կարծիք ունի, որոշումը կկայացնենք միասնական: Դրա համար ռեսուրսները պետք է հաշվի առնենք, որոշ բաներ ԸՕ-ից են կախված»:
Հարցին՝ եթե ԸՕ-ի վերաբերյալ ՀՀԿ-ի առաջարկները չընդունվեն, հնարավո՞ր է՝ չմասնակցեն ընտրություններին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, դուք ասացիք»: