Մեթիսը Թրամփի հետ չի խոսել իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ նախագահի հայտարարությունից հետո
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը չի խոսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում կայացած նրա հարցազրույցից հետո, որտեղ երկրի ղեկավարը հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի հնարավոր պաշտոնաթողության մասին: Մեթիսն այդ մասին լրագրողներին հայտնել է հոկտեմբերի 15-ին՝ այցով ուղեւորվելով Վիետնամ:
Լրագրողները Պենտագոնի ղեկավարին խնդրել են մեկնաբանել Թրամփի արտահայտությունն այն մասին, թե Մեթիսը Դեմոկրատական կուսակցության կողմնակից է եւ շուտով կարող է հեռանալ նախագահի թիմից:
«Ես ոչինչ չունեմ ասելու: Ես նրա թիմում եմ, մենք երբեք չենք քննարկել իմ հեռանալու հնարավորությունը: Ինչպես դուք այժմ տեսնում եք, մենք շարունակում ենք աշխատել»,- նրա խոսքից մեջբերում է արված պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում:
Նա նաեւ նշել է, որ չի խոսել Թրամփի հետ հարցազրույցից հետո եւ խոստովանել է, որ նույնիսկ «այն չի դիտել»: «Ես (հարցազրույցի վերաբերյալ) ինչ-որ քաղվածքներ եմ կարդացել թերթերից, բայց դեռ չեմ ծանոթացել բոլոր (նյութերին),- նշել է նա:- Պաշտպանության նախարարությունում շարունակում եմ անել իմ գործը:
Ոչ մի խնդիր չկա»: «60 րոպե» ծրագրում Թրամփի հարցազրույցից քաղվածքները CBS հեռուստաալիքում հրապարակվել են հոկտեմբերի 14-ին: Թրամփի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների վարչակազմից կարող են հեռանալ նաեւ այլ աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: