Հայաստանը պետք է աշխատի Աֆրիկայում ներկայությունն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան
Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի արդյունքում ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի արտաքին կապերն ու հարաբերությունները էականորեն ընդլայնվեցին և բարելավվեցին: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հաջորդ քայլը լինելու է Աֆրիկայում Հայաստանի ներկայությունն ապահովելը՝ նկատելով, որ Հայաստանն աֆրիկյան երկրներում դեսպանատուն չունի (բացի Եգիպտոսից – խմբ): «Մենք հիմա պետք է աշխատենք Աֆրիկայում մեր ներկայությունն ապահովելու համար»,- ասել է նա:
Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք մասնակցել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի և Ֆրանկոֆոնիայի այլ միջոցառումների աշխատանքներին: