Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում
Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում, ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի աստղանավորդ Նիկ Հեյգը կապի մեջ են մտել:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ հրթիռատիեզերական ճյուղի մի աղբյուր: Գործակալության զրուցակցի տվյալներով՝ «Սոյուզ ՄՍ-10» տիեզերանավի իջեցվող ապարատը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 20-25 կիլոմետր հեռավորության վրա, անձնակազմը վնասվածքներ չի ստացել: «Բուժօգնության կարիք չկա»,-ասել է աղբյուրը: Նա հայտնել է, որ ԱՆ-12 ինքնաթիռը վայրէջքի վայր կհասցնի փրկարարների խմբին, կես ժամվա ընթացքում այնտեղ կլինեն ուղղաթիռները:
Ավելի վաղ Բայկոնուրի աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ դեպի Միջազգային տիեզերակայան «Սոյուզ ՄՍ-10» տիեզերանավի արձակման ժամանակ տեղի է ունեցել երկրորդ աստիճան շարժիչների վթարային անջատում: Նրա տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թռիչքի 119-րդ վայրկյանին երկրորդ աստիճանի կենտրոնական բլոկից առաջին աստիճանի կողային բլոկների անջատման պահին: Գործակալության զրուցակիցը նշել է, որ անձնակազմը ողջ է, նրա հետ կապ է հաստատված: «Սոյուզ» հրթիռը Բայկոնուրից արձակվել է հոկտեմբերի 11-ի առավոտյան: