ԱՄՆ-ում պատրաստված գործվածքը գույնը և նախշը փոխում է սմարթֆոնից տրվող հրամանով
Ամերիկացի գիտնականները մշակել են մի գործվածք, որը կարող է գույնը եւ նախշը փոխել սմարթֆոնի տիրոջ կողմից հատուկ հավելվածի օգտագործմամբ: Ինչպես հայտնել է CNBC հեռուստաալիքը, գյուտը կարող է կիրառվել նաեւ ռազմական բնագավառում։ Նորույթի հեղինակները մի խումբ հետազոտողներ են Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի օպտիկայի եւ ֆոտոէլեկտրոնիկայի քոլեջից:
Նրանք գյուտի մի քանի նախատիպեր են պատրաստել կանանց պայուսակների եւ ուսապայուսակների տեսքով: Այդ ապրանքների գույնը եւ նախշը փոխվում է սմարթֆոնում ներսարված կոճակը սեղմելիս կամ հավելվածի օգնությամբ: Ինչպես պարզաբանել է հեռուստաալիքը, այդ հատկությունը ձեռք է բերվում գործվածքի թելի մեջ տեղակայված շատ բարակ մետաղյա լարերի հաշվին:
Դրանց հոսանքի հաղորդումը ապահովում է ոչ մեծ կուտակիչը, որն անհրաժեշտության դեպքում կարելի է լիցքավորել: Հոսանքից փոքր-ինչ տաքացած լարերը փոխում են գործվածքի ներկանյութերի գույնը: Ապագայում գործվածքը, որը կարող է փոխել գույնը, ջերմաստիճանը եւ խտությունը, կարող է կիրառվել բժշկության մեջ եւ զինված ուժերի հանդերձման համար: Գիտնականներն ակնկալում են նման ապրանքների առաջին խմբաքանակը շուկա հանել մեկ տարուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: