Հոկտեմբերի 2-ի իրադարձությունը տեղի չէր ունենա, եթե կողմերը բանակցեին
Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց, որ հրահանգել է, որպեսզի ԲՀԿ և ՀՅԴ բոլոր նախարարները աշխատանքից ազատման դիմում գրեն։ Ընդ որում, Դաշնակցությունը մինչ Փաշինյանի այդ հայտարարությունը արդեն իսկ հայտարարել էր, որ իրենց նախարարները հրաժարական են ներկայացնում։
Վարչապետի այս հայտարարությունից հետո աշխատանքից ազատման դիմում էին ներկայացրել նաև ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական բոլոր մարզպետները։
168.am-ը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի կատարած այս քայլին, և արդյո՞ք նախարարներին աշխատանքից հանրահավաքային հարթակից ազատելը շանտաժ չէր։
Ըստ Թևան Պողոսյանի, եթե երկու կողմերը նստեին բանակցությունների սեղանի շուրջ, գուցե հոկտեմբերի 2-ի իրադարձությունը տեղի չունենար։
«Դրանից առաջ փորձել էին բանակցել, բայց եթե բանակցությունը տևելու է հինգ րոպե, և դրանից հետո չենք ունենալու արդյունքներ, ուրեմն երկկողմանի ինչ-որ բացթողումներ են եղել։ Երկու կողմերն էլ այդ րոպեներին փորձում էին իրենց համար լավագույն այլընտրանքը՝ մինչև բանակցություններ ձևավորելը։ Ամեն մեկն իր ուժն էր ցույց տալիս՝ մեկը օրենքն էր փոխում, մյուսը՝ այդ գործողություններն արեց»,- ասաց Թ. Պողոսյանը։
Ըստ նրա, նման դեպքեր տեղի են ունենում նաև մարդկանց կյանքում, և բոլոր այն ոլորտներում, որտեղ ընթանում են բանակցություններ, և շատ ժամանակ, որպեսզի կողմերը գան բանակցությունների, մի կողմում տեղի է ունենում ուժի ցուցադրում։
«Հուսամ՝ այս դասը մեզ մոտ երկար կմնա, որպեսզի մյուս անգամ հասկանանք, որ ուղղակի պետք չէ միանգամից ուժի ցուցադրում կիրառել, այլ պետք է գիտակցել, որ այդ ուժը կա, և մի քիչ հեռուն ու հաջորդ օրվան նայեն։ Ցանկացած գործողություն, որ մարդն անում է, առաջին հերթին վնասում է իր վստահությանը։ Այս պարագայում ոչ միայն գործադիրի, այլև օրենսդիրի կատարած գործողությունները խնդիր էին վստահության հանդեպ, որից հետո ստացանք այս արդյունքը։ Երբ խոսում են երկրի շահերից՝ հարցերին լուծումներ գտնում են, իսկ երբ դիրքերից են խոսում՝ տեղի է ունենում պառակտում, և կոմպրոմիսները նմանվում են շուկայական առևտրի»,- նշեց Թ. Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այսօր երկրի շահերից է բխում, որպեսզի բոլորը միասնական լինեն՝ գիտակցելով, որ հզոր Հայաստան ունենալու համար բոլորը միասին պետք է գործեն։
Զվարթ Խաչատրյան



