Արտահերթ ընտրությունների կոնսենսուսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետեւությունը մեկն է. Հայաստանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու եւ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Ընդ որում, Փաշինյանին սատարելու մասին խոսել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որ ոչ վաղ անցյալում վարչապետի ամենակոշտ քննադատներից մեկն էր: Մինչդեռ երեկ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Նա ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ»:

Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ եւս հանդես կգան նման հայտարարություններով: Նրանց թվում շոշափվում է Տաճատ Վարդապետյանի, Արսեն Միխայլովի, Կնյազ Հասանովի եւ այլոց անունները: Սա պատահական չէ. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի հետ կառավարության ներկայացուցիչները սկսել են հանդիպում-բանակցությունների շարքը, այդ գործը վստահված է փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին:

Երեկ Փաշինյանը կոչ է արել այդ պատգամավորներին ոչ թե մեղադրել, այլ քաջալերել, քանի որ նրանք ընդունում են ժողովրդի կամքը:

Միաժամանակ, դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել է ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները դեռ մինչեւ վերջերս հակառակն էին պնդում, նույնիսկ ԱԺ-ում հայտնի սկանդալի կիզակետում հայտնվեցին:

Սակայն երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են համատեղ հուշագիր: Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին. ՀՅԴ-ում եւս սառույցը կոտրվում է, նրանք եւս շուտով կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ու պետք է նկատենք, որ քաղաքական գործընթացները կարծես ընթանում են անցնցում, հանգիստ եղանակով: Քաղաքական ուժերը փորձում են հասունություն դրսեւորել. հավանաբար նրանք դաս են քաղել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի ընդունումից ու այդ ամենին ժողովրդի հակազդեցությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս