«Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է Մարտի 1-ի զոհերի համար. ես չեմ վախենում, որ նրա վճարովի իրավաբաններն ինձ դատի կտան». Իգիթյան
«Ես Հայաստանում չեմ տեսնում ՀՀԿ-ի զանգվածը։ Իհարկե, ես տեսնում եմ մարդկանց, ովքեր այս կամ այն ձևով կողմ չեն Նիկոլ Փաշինյանի որևէ ծրագրին կամ նշանակումներին, բայց դա չի նշանակում, որ նրանք ՀՀԿ-ի զանգվածն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ առաջիակայում ընդդիմություն կստեղծվի, բայց ՀՀԿ-ն, ըստ նրա՝ ոչ միայն իշխանություն, այլև ընդդիմություն դառնալու հնարավորություն չունի։
168.am-ի հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժը կամ ուժերը կարող են ընդդիմություն դառնալ, նա այսպես պատասխանեց. «Մենք հիմա հեղափոխական շրջանում ենք, որտեղ քաղաքական ուժերն աշխատում են շարժումների ձևով։ Հետագայում ընդդիմությունը սովարաբար ստեղծվում է այդ շարժումից։ Թե որն է լինելու, ես չգիտեմ, բայց կարևորն այն է, որ հասարակությունը պետք է վստահի այդ մարդկանց՝ իրականացնելու իրենց պահանջները»։
Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լինել այդ ընդդիմությունը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ճանապարհի երկու խնդիր ունի.
«Նախ՝ չեմ տեսնում հասարակության մեջ մի հատված, որն իրեն լավ է վերաբերվում։ Իհարկե, մենք գիտենք իր ֆինանսական ռեսուրսները և Հայաստանի նման ոչ այդքան հարուստ երկրում կփորձի գումար օգտագործելով՝ խումբ ստեղծել, ինչպես, օրինակ՝ ստեղծում են հիմնարկ։ Բայց մեր իրավապահ մարմինները պետք է հետևեն, որ քաղաքականության մեջ ամեն գումար ծախսելը թափանցիկ լինի։ Կա երկրորդ խնդիրը, որն ամբողջ աշխարհում է ընդունված.
Նույնիսկ ամենաընդունելի քաղաքական գործիչը, որն ոի 30-40 տոկոս հասարակության մեջ, եթե ունի իրեն չհանդուրժող զանգված, որի կրիտիկականը սկսվում է 7 տոկոսից, ինքը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետև ուր էլ գնա, կհավաքվի զգալի զանգված, որը կխանգարի իրեն իրականացնել իր քաղաքական միջոցառումները։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի ձևով կապված է Մարտի 1-ի հետ։ Ես չեմ վախենում, որ ինձ դատի կտան, որովհետև ամեն հայտարարության համար Քոչարյանի վճարովի իրավաբանները մարդկանց դատի են տալիս. այո, Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է Մարտի 1-ի զոհերի, քաղբանտարկյալների համար։ Այստեղ միայն 0038 հրամանը չէ, եղել են նաև բանավոր հրամաններ, որոնք անօրինական էին, դրանք կատարում էին թե՛ դատախազությունը, թե՛ ոստիանությունը, թե՛ ներքին զորքերը, թե՛ բանակը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում