2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետական պարտքը կազմել է 21,5 տրլն դոլար. The Washington Examiner

ԱՄՆ-ի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, աճել է ավելի քան 1,2 տրլն դոլարով՝ հայտնվելով ռեկորդային 21,5 տրլն դոլարի նշագծին: Այդ մասին հայտնել է The Washington Examiner հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի պետական պարտքը 2017 ֆինանսական տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ կազմում էր 20,245 տրլն դոլար, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին պատմության մեջ առաջին անգամ հասել է 21,516 տրլն դոլարի: Ընդ որում անցած ամսին ԱՄՆ-ի Կոնգրեսում ծանուցել են, որ երկրի դաշնային կառավարության փոխառությունները 2018 ֆինանսական տարվա առաջին 11 ամսվա ընթացքում հասել են 895 մլրդ դոլարի, ինչը 222 միլիարդով ավելի է, քան նախորդ ֆինանսական տարվա առաջին 11 ամսվա ընթացքում:

Ինչպես նշում է հրատարակությունը, մինչեւ 2020 թվականը ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը կհասնի 1 տրլն դոլարի նշագծին, ինչպես դա եղել է Բարաք Օբամայի առաջին նախագահական ժամկետի ժամանակ: The Washington Examiner-ն ընդգծում է, որ 2018 ֆինանսական տարում կես տարուց փոքր-ինչ ավելի ժամանակ է պահանջվել, որպեսզի պետական պարտքը 20 տրլն դոլարից հասնի մինչեւ 21 տրլն դոլարի:

Ընդսմին Կոնգրեսում պահպանողականները հայտարարում են, որ կառավարության ծախսերը շարունակում են մնալ առանց հսկողության, ինչը կարող է էլ ավելի մեծ դեֆիցիտի հանգեցնել հաջորդ տարիներին: Գործող օրենսդրության համաձայն, կառավարությունը կարող է անսահմանափակ կերպով դաշնային փոխառություններն ավելացնել մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս