Բաժիններ՝

ՄԱԿ-ը, Microsoft-ը, Google-ը և Համաշխարհային բանկը սովի դեմ պայքարի մեխանիզմ են ստեղծում

ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Microsoft, Google եւ Amazon Web Services (Amazon ամպային ինտերնետ-ծառայությունների պլատֆորմների ենթակառուցվածքը) ընկերությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են ինովացիոն գլոբալ գործընկերության ստեղծման մասին, որի նպատակը սովի կանխումն է ամբողջ աշխարհում: Այդ մասին ասված է ՀԲ-ի տարածած հայտարարության մեջ:

Գործընկերությունը նախատեսում է Սովի դեմ պայքարի մեխանիզմի (ՍՊՄ)՝ «առաջին գլոբալ մեխանիզմի ստեղծման մասին, որը կոչված է կանխել սովի առաջացումը»: «Անցյալում այդօրինակ աղետներին արձագանքման միջոցները հաճախ ընդունվում էին ուշացումով, միայն այն բանից հետո, երբ սովը մեծ թվով կյանքեր էր խլում եւ ուղեկցվում էին մեծ ծախսերով: Նոր մեխանիզմը կոչված է փոխել այդ իրադրությունը սովի կանխատեսմանը, դրան նախապատրաստվելուն եւ ժամանակին հակազդելուն ուղղված ջանքերի օգնությամբ, այսինքն՝ այնպիսի միջոցների օգնությամբ, որոնք կարող են ավելի մեծ թվով կյանքեր փրկել եւ հումանիտար ծախսերը կրճատել 30 տոկոսով»,-պարզաբանել են ՀԲ-ում:

Այսօրվա դրությամբ, ՀԲ-ի տվյալներով, 124 մլն մարդ ապրում է «պարենային անվտանգության բացակայության կրիտիկական պայմաններում» եւ մարդասիրական օգնության կարիք ունի: Այդ մարդկանց կեսից ավելին գտնվում է զինված հակամարտությունների շրջաններում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՍՊՄ-ն համարել է «նոր կարեւոր գործիք, որը թույլ կտա կանխատեսել, ուրեմն եւ կանխել պարենային անվտանգության բացակայությունն ու սովը՝ չսպասելով, որ իրադրությունը դուրս գա վերահսկողությունից»: ՀԲ-ի ղեկավար Ջիմ Յոն Կիմի խոսքով՝ «Սովի դեմ պայքարի մեխանիզմը կանխիչ մոտեցում է, որը զուգորդում է ինովացիոն տեխնոլոգիաները, ժամանակին արվող ֆինանսավորումը եւ տեղերում ամուր հարաբերությունները գործընկերների հետ սովի կանխման նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս